2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ Արմեն Սարգսյանի ու Հայաստանի մտավորականների խորհրդի հանդիպումը, որտեղ ես ներկայացրի Հայաստանի հելիոֆիկացիայի երկրաստեղծ ծրագիրը: Միասնական մի կարծիք ձևավորվեց, որ ծրագիրը կարող է հաջողությամբ լուծել երկրի առաջ կանգնած հրատապ խնդիրները՝ սոցիալականից սկսած, քաղաքական ու տնտեսականով վերջացրած:
-Ես անհամբեր սպասում եմ ձեր ծրագրին,- սա նախագահ Արմեն Սարգսյանի եզրափակիչ խոսքն էր:
Անցել է մեկուկես տարի, ծրագիրն, իհարկե, ուղարկեցի, բայց արձագանքը չտեսա: Նախագահականում եղավ մակերեսային ինչ-որ քննարկում, որն ինձ վրա ծայրահեղ ծանր տպավորություն թողեց: Պարզեցի, որ նախագահականում կան պաշտոնյաներ, ովքեր կարող են մտածել այսպես՝ իմ ինչի՞ն է պետք արևով տուն ջեռուցելը, եթե ես դա կարող եմ անել գազով՝ ընդամենը մեկ կոճակ սեղմելով: Դրան հետևեց իմ շիտակ պատասխանը.
-Ա՛յ, Ձեզ նման մտածողների պատճառով է, որ մեր երկիրը հայտնվել է այսպիսի թշվառ վիճակում:
Ինձ չեն բավարարում նաև մեր դոցենտ նախագահի պերմանենտ ելույթները՝ արհեստական բանականության թեմաներով և ՀՀ վարչապետի գաղափարը՝ 22 տարեկանում երեք լեզվի տիրապետելու վերաբերյալ: ՈՒշքի եկեք, Հայաստանի Հանրապետության առաջին դեմքեր, վայր իջեք երկնքից ու տեսեք, թե մայր հողի վրա ձեր պահանջներին համապատասխանող քանի մարդ կգտնեք՝մի քանի միլիոն անտեր քաղաքացիներից, ովքեր հացի կարոտ են մնացել, աղքատ են ու անօթևան, ովքեր մայր հայրենիքում իրենց երեխաների ապագան չեն տեսնում:
Մեր հարգարժան նախագահին ուզում եմ հիշեցնել, որ արհեստական բանականությունը Հայաստանի ամենակարևոր խնդիրը չէ և, ընդհանրապես, Հայաստանի խնդիրը չէ, դրանով թող զբաղվեն ճապոնացիները, ամերիկացիներն ու նրանք, ովքեր լուծել են իրենց քաղաքացիների սոցիալական խնդիրներն ու անվտանգության հարցերը: Ի՞նչ արհեստական բանականության մասին է խոսքը, երբ մեր իշխանությունների մեղքով Հայաստանը դուրս է մնացել զարգացած ու, անգամ, զարգացող երկրների ցուցակներից, որովհետև բնական բանականության միջոցով ստեղծված գործերը տեղ չեն գտնում մայր հայրենիքում:
Մենք, առաջին հերթին, պետք է կարողանանք լուծել մեր բնակչությանը կորեկ հացով ապահովելու խնդիրը, որից հետո միայն զբաղվենք աշխարհի ռազմավարական խնդիրներով, որոնք շատ են ու չեն սահմանափակվում միայն արհեստական բանականությամբ, այնքան շատ են, որ նստես վրաները, ոտքերդ գետնին չեն հասնի: Այստեղ են պարենային անվտանգության, խմելու ջրի, ոռոգման ջրի, էներգետիկայի, էկոլոգիայի, համաճարակների, համաշխարհային ատոմային պատերազմի ու բազում այլ խնդիրներ, որոնք սպառնում են մարդկության գոյությանը՝ մինչև արհեստական բանականությանը հասնելը: Մեր ընթերցողներին բացատրեմ, թե ինչ կա թաքնված «արհեստական բանականություն» տերմինի տակ: Դա տեխնիկական համակարգերի միջոցով (հիմնականում հաշվողական տեխնիկայի օգնությամբ) ստեղծագործական ֆունկցիաների կատարման հնարավորության ստեղծումն է, որը մշտապես համարվել է մարդու առանձնաշնորհը: Համակարգչային տեխնիկայի ու ծրագրավորման գործի հաջողությունները (օրինակ, մարդու հետ շախմատ խաղալը) առաջ են քաշել մարդու ստեղծագործական ֆունկցիաները (ունակությունները) տարածելու տեխնիկական միջոցներ: Այդ միտքը իրագործելու ճիշտ ճանապարհին էր աշխարհի առաջին նեյրոկոմպյուտերի հեղինակ, պրոֆեսոր Սենիկ Մկրտչյանը, մենք նրան ու նրա գործերը մոռացել ենք, չենք էլ հիշում: Ժամանակակից պայմաններում մարդը չի կարող մրցակից դառնալ համակարգիչներին, որոնք գործողությունների մեծ արագությունների են հասել, կարող են միլիոնավոր տարբերակներ առաջարկել ու ընտրել դրանցից ամենաճիշտը: Բայց համակարգիչը չի կարող մարդու նման մտածել կամ, կենսաբանական մնացած սուբյեկտների նման, չի կարող առաջնորդվել կենդանական բնազդով. այն կարող է միայն հրամաններ կատարել՝ առանց սխալվելու և անհավանական մեծ արագություններով: Գործողությունների արագությունը կամ հիշողության ծավալները կարող են անընդհատ աճել, բայց մարդու նման մտածելու նախադրյալները չկան:
Մեր հարգարժան նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկում եմ թիկունք կանգնել «Երկրների հելիոֆիկացիա» ծրագրին, փորձենք համատեղ ուժերով լուծել Հայաստանի նոր ինդուստրալիզացիայի խնդիրները, վերականգնենք մեր երկրի տնտեսությունը, մեր քաղաքացիների սոցիալական ապահովությունը հասցնենք այնպիսի բարձր մակարդակի, որ կարողանանք դարձի բերել 13-ամյա Արթուրին ու, աղքատության զոհ դարձած, մյուս «արթուրներին»: Արհեստական բանականության խնդիրը չի կարող կարևոր ու օրակարգային դառնալ ՀՀ նախագահի համար, դա գիտության մեջ «կայֆ բռնելու» խնդիր չէ՝ ասենք առայժմ: Իհարկե հայ գիտնականը կարող է զբաղվել ցանկացած, նաև արհեստական բանականության հարցերով, բայց դրա համար պետք է հետազոտական անհատական լաբորատորիա բացել ու զբաղվել՝ որպես գիտնական:
Ասում են՝ արջը յոթ երգ գիտի, բոլորն էլ մեղրի մասին են: Իմ պարագայում էլ է մոտավորապես այդպես ստացվում. հիմնականում մտածում եմ Հայաստանի արդյունաբերությունը մեռյալ վիճակից դուրս բերելու մասին՝ երկրի հելիոֆիկացիայի միջոցով՝ օգտագործելով նաև արևային տեխնիկայի բնագավառում ակադեմիկոս Պարիս Հերունու ֆունդամենտալ աշխատանքները: Ճիշտ է, Պարիս Հերունու «արևային» գործերը չհասցվեցին իրենց հաղթական ավարտին, չընդունվեցին Հայաստանում՝ հիմնականում ապաշնորհ իշխանությունների մեղքով, բայց դրանք չեն կորցրել իրենց կարևորությունն ու մի օր կօգտագործվեն, երբ իշխանության գան առողջ ու ազգանվեր ուժերը:
Մի անբացատրելի բան է կատարվում մեր երկրում. Հերունու մահից հետո լայնածավալ արշավանք է սկսվել նրա գիտական ժառանգությունը ոչնչացնելու ուղղությամբ, հավանաբար ներկայիս իշխանությունների գործողությունների (անգործության) պատճառով: Արշավը տարվում է երկու ճակատով.
ա) քանդել ու հողին հավասարեցնել աշխարհի միակ ՌՏ-32-54 ռադիոհեռադիտակը, որը համաշխարհային գիտական հանրությանը հայտնի է, որպես Հերունու ռադիոհեռադիտակ, գտնվում է Արագածի փեշերին՝ Օրգոֆ գյուղի հարևանությամբ:
բ) Քանդել ու հողին հավասարեցնել աշխարհի առաջին քարե աստղադիտարանը, որը համաշխարհային հանրությանը հայտնի է «Քարահունջ» անվամբ: Այս հարցում Հերունին ևս մեկ անգամ ցույց տվեց իր ակադեմիական հանճարն ու անգլիացիներին մատչելի ձևով բացատրեց, որ իրենց նմանատիպ «Stonehenge» կառույցը, որը հիմնադրվել է բրոնզե դարում, ունի հայկական ծագում, համենայն դեպս շրջանաձև դասավորված քարերի տեսքն ու մեզ հասած անվանումների նմանությունն են այդպես հուշում. անգլերենով stone՝ քար, իսկ henge-ն հնչյունափոխված հունջն է:
Ինչու՞ են քանդում աշխարհի կարևորագույն գիտական ու պատմական օբեկտները, որոնք ստեղծվել են մեր օրերում ու մեզանից 20 հազար տարի առաջ: Առաջին դեպքում ամեն ինչ պարզ է` թալանն են շարունակում: Օրգոֆի ռադիոհեռադիտակի ալյումինե անդրադարձիչների քաշը մոտ հազար տոննա է, կարելի է քանդել ու վաճառել, այս տեխնոլոգիային մենք ծանոթ ենք, 30 տարի միայն դա են կարողանում անել, քանդում ու ծախում են, իրենց համար խաշի ու խորովածի փող են կուտակում: Ավելի բարդ է «Քարահունջի» պատմությունը:
Օրերս, Սյունիքում կազմակերպված տնտեսական համաժողովի նախօրյակին, տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես են ոչնչացնում «Քարահունջ» գիտապատմամշակութային համալիրը: Ահա մի հատված տեղական մի «չոբանի» մենախոսությունից.
-Ի՞նչ աստղադիտարան, հերիք է տուրիստներին խաբեք, ես այստեղ եմ ծնվել, չգիտե՞մ, ցցված քարերի ծակերը տրոսի համար են արվել, մի հատ տրոս տվեք, ցույց տամ:
Հաջորդ կադրում ցույց են տալիս, թե ինչպես է այդ արարածն իր «Ժիգուլիով» քարշ տալով տանում 20 հազար տարվա վաղեմություն ունեցող քարերից մեկը: Այս ամենից հետո արի ու հասկացիր, թե Հայաստանում ի՛նչ է տեղի ունենում:
Վարչապետը Սյունիքում խոսում է տուրիզմի զարգացման մասին, իսկ իր կողքին ոչնչացնում են տուրիզմի զարգացման համար մեծ պոտենցիալ ունեցող պատմական «Քարահունջը»: Ի՞նչ երեսով է նա պատրաստվում զարգացնելու տուրիզմը և տնտեսությունը, եթե փաստորեն մերժում է Հերունու «Քարահունջը», «Օրգոֆը» և «Արև» ծրագիրը:
Անցած տարի մի քանի երիտասարդներ ինձ դիմեցին, որ իրենց օգնեմ «Քարահունջի» հարցում, չթողնենք, որ այդ հազվագույտ պատմական օբեկտը քանդեն, նույնիսկ «Ի պաշտպանություն Քարահունջի» անունով ՀԿ են ստեղծել, բայց ինչ կարող ես անել տաղանդավոր հայ ժողովրդի գաղջ թևը կազմող խառնիճաղանջ ամբոխի դեմ, որ, ընտրությունների միջոցով, մեր գրագետ փոքրամասնության համար իշխանություն են ձևավորում ու հետո կատարում նրանց հանցավոր հանձնարարությունները:
Չեմ հավատում, թե «Քարահունջի» քարերը ձրի են շարժում՝ «պատմական ճշմարտությունը» պարզելու նպատակով, այդ քարերի հետևից Սորոսի ականջներն են երևում, դրանում կարող եք չկասկածել: Կարող եք չկասկածել նաև, որ «Քարահունջը» շարքից դուրս բերելու հանձնարարությունը վերևից է գալիս: «Հայաստանի քաղաքական ապագան» աշխատության հեղինակ Ռուբեն Բարենցն ինձ այսպիսի խորհուրդ տվեց
-Դու առանձնապես մի տանջվիր, «հայտնի» ազգի «հայտնի» մարդիկ հավաքվել ու որոշել են, որ Հայաստանին արդյունաբերություն պետք չէ, միայն սպասարկում և տուրիզմ է թույլատրվում, մեր իշխանությունները դրածո են, կատարում են դրսից եկած հրամանները, քո հելիոծրագիրը շատ կարևոր է Հայաստանի ու աշխարհի համար, բայց թույլ չեն տա, որ այն իրականանա, պետք է աշխատել չինացիների հետ, նրանց հետ այլ իրավիճակ է ստեղծվել: «Քարահունջի» հարցում էլ է ամեն ինչ որոշված. Հայաստանը չի կարող ճանաչվել որպես եդեմական երկիր՝ իր 20-հազարամյա պատմական հուշարձաններով, դրանք պետք է քանդվեն ու ոչնչացվեն՝ մինչև երկու հազարամյակից այս կողմը, որպեսզի բացառվի այն կարևոր վարկածը, որ սպիտակ մարդացեղը մեր երկրից է դուրս եկել ու տարածվել աշխարհով մեկ, «Քարահունջն» ու մեր մնացած պատմական հուշարձանները դրա մասին են խոսում:
Բարենցի խոսքից մի գաղափար ծագեց. գուցե չինուհու սմարթֆոնի գողությու՞նն էլ պատահական չէր, գուցե մեր թշնամիները արդեն թիրախավորե՞լ են հայ-չինական ստրատեգիական համագործակցությունը, այն փչացնելու ծրագի՞ր են իրականացնում, գուցե... Կապրենք, կտեսնենք։ Բայց հանձնվել չի կարելի, մեր պայքարը հանուն հայրենիքի պետք է շարունակել մինչև աշխարհի վերջը, դա իմ պատգամն ու հրամանն է:
(շարունակելի)
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ